Եկել էի, որ չթողնեի Նիկոլ Փաշինյանը մոտենար տղայիս շիրիմին
27/1/2026 12:26

Միանշանակ եկել էի, որ խոչընդոտեի Նիկոլ Փաշինյանի մուտքը, որ իմ տղայի շիրիմին մոտիկ չգա: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհվածի հայրը:
«Ես չեմ ուզում, որ ինքը մոտենա իմ տղայի շիրիմին, որովհետև մեր տղերքը ուրիշ գաղափարի տեր են եղել, բոլորս էլ գիտենք, թե ինչի համար են գնացել ու կյանքները տվել: Ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը: Բնականաբար իրենք չէին եկել տղերքի համար, իրենք եկել էին ազգի դավաճան թուրքի թիկունքը պահելու, որ նա կարողանա մտնի Եռաբլուր ու դուրս գա», նշել է նա:
Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը այսօր մոտեցավ 44-օրյայի նահատակների շիրիմներին, զոհվածի հայրը պատասխանեց.
«Ոնց որ թե 44-օրյայի տղաների շիրրիմներին ոչ մեկին չի մոտեցել, միայն բարձրացել է 90-ականների տղաների կողմը ու դուրս եկել»:
Անդրադառնալով ընտրված օրվան՝ զոհվածի հայրը նշեց, որ իր համար ընտրված օրը սխալ է.
«Օրը ճիշտ ընդունված չէ, կարելի էր ավելի ճիշտ ընդունել՝ սեպտեմբերի 27 խայտառակ օրը: Բերել ու մտցրել են բանակի օրվա քթի տակ: Ես հաստատ համոզված եմ, որ ամսի 28-ին ոչ ոք չի գա Եռաբլուր, որովհետև իրենց համար բանակ չկա: Ես չեմ ընդունում այս օրը, մեր համար օր չկա, մեր համար ամեն օրն էլ սգո օր է, մենք ամեն օր ենք Եռաբլուրում, մեզ պետք չի, որ կոնկրետ օր լինի ու հիշենք մեր տղաներին, գանք այստեղ: Մենք մեր տուն ու տեղը մեր տղաների հետ տեղափոխել ենք այստեղ՝ Եռաբլուր»:
Զոհվածի հայրը նշեց, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մուտքը չի ուզում տեսնել, այլ նաև ամբողջ կառավարության.
«Ես դեմ եմ մեր ամբողջ կառավարությանը, չեմ համարում, որ իրենք մեր երկրի կառավարությունն են, համարում եմ, որ նրանք թուրքի կառավարությունն են: Կառավարությունն է դավաճանել տղերքին, թողել է անտեր՝ առանց օգնության ու հրամանատարի: Տղերքի արածը տվեցին ջրին, ժամանակին ևս՝ 90-ականներին, մեր տղերքն էին հողերը հետ բերել, իսկ իրենք սկուտեղի վրա վերցրեցին ու նորից մատուցեցին թշնամուն»: