Նորմալ չի, որ ինձ որևէ մեկը ասում է շան լակոտ, ու այդ մեկի նկատմամբ որևէ բան չի կիրառվում

29/1/2026 20:16

Ես պատրաստ եմ այստեղ հենց հիմա ինձ մեղավոր ճանաչել, եթե մեզանից հետո բերեն նստացնեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ մեզ շան լակոտ ասելու համար, ու ինքն էլ դառնա մեղադրյալ՝ հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է «Antifake»-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Ինձ համար էլ նորմալ չի, որ ինձ որևէ մեկը ասում է շան լակոտ, ու այդ մեկի նկատմամբ որևէ բան չի կիրառվում: Ձեր կողմից քննարկվում է ու խուլիգանություն համարվում այն, որ ես հստակ շեշտել եմ, որ իր այդ արածը ուշադրություն գրավելու համար է եղել ու ես իրեն ասելու բան չունեմ: Իմ կողմից արած «ունենք էքսկյուզիվ առաջարկ» արտահայտությունը հանրության նկատմամբ անպարկեշտ արտահայտություն է որակվել, որով ես իբրև հանրության նկատմամբ դրսևորել եմ անհարգալից վերաբերմունք: Իհարկե՝ ես այդպես չեմ ասել, բայց այնուամենայնիվ: Ես վստահ եմ, որ անկախ նրանից, թե օրենքի առաջ ինչ պատասխան կտանք, առաջինը մեր խղճի առաջ ենք պատասխան տալու»,- նշել է նա: Նշենք, որ այս պահին ընթանում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը: Նարեկ Սամսոնյանին ոստիկանները անվասայլակով բերեցին դատական նիստերի դահլիճ: Հիշեցնենք նաև, որ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել են իր իսկ արած վիրավորական արտահայտությանը։