Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»

30/1/2026 23:01

Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»՝ գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ «Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ։ 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրոնական կազմակերպությունները ԱՆՋԱՏ են պետությունից։ ԱՅՍԻՆՔՆ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պետական մարմիններից ԱՆՋԱՏ լինելը՝ ՀՀ սահմանադրական կարգի կարևոր պայման և տարր է։ Երբ պետական իշխանության որևէ մարմին կամ ներկայացուցիչ, լինի՝ օրենսդիր, գործադիր կամ դատական, միջամտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ որևէ այլ կրոնական կազմակերպության ներքին գործերին և հարաբերություններին, խախտվում է Սահմանադրության 17-րդ հոդվածը և, հետևաբար, խախտվում է ՀՀ սահմանադրական կարգը, որի պայմանն ու տարրն է կրոնական կազմակերպությունների՝ պետական մարմիններից անջատ լինելը Երբ առաջին ատյանի դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոց և իր ակտով փաստացի «նշանակում» է Մասյացոտնի թեմի առաջնորդին, տեղի է ունենում ուղղակի միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, և փաստացի վերացվում է Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիությունը ՀՀ իրավական համակարգում։ Երբ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնում՝ նշված դատական ակտը չկատարելու հիմքով, դա նույնպես ուղղակի միջամտություն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին և հարված է ինչպես Սահմանադրության 17-րդ հոդվածին, այնպես էլ՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին։ Դժվար է պատկերացնել, որ իրավաբանական կրթություն ունեցող որևէ անձ կարողանա փաստարկել, թե նշված գործողությունները Սահմանադրության 17-րդ հոդվածի ուղղակի խախտում չեն»։