Վարժական հավաքները կարևոր են նաև ժամկետային զինծառայողների համար
31/1/2026 14:48

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանության նախարարության ամենակարևոր նպատակներից են։
Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում։
Պապիկյանը նշել է, որ վարժական հավաքները կարևոր են ոչ միայն պահեստազորի, այլև ժամկետային զինծառայողների համար՝ հնարավորություն տալով նրանց ավելի մեծ ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը։
«Քաջատեղյակները գիտեն, որ յուրաքանչյուր երկրի առջև, երբ ծառանում է մարտահրավեր կամ պատերազմական իրավիճակ, սկսվում է զորահավաք։ Այդ ժամանակ գործող զինված ուժերը, իհարկե, կարևոր են և ունեն մեծ դերակատարում, սակայն բանակի հիմնական ներուժը դառնում է պահեստազորը»,-ընդգծել է Պապիկյանը։
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով անհրաժեշտ է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին, չխուսափել դրանցից և ակտիվ մասնակցել։
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հնարավոր 14-օրյա մարտական հերթապահությունը ոչ միայն պահեստազորայինի պարտականությունն է, այլ նաև ժամանակ է, որը հնարավորություն է տալիս ժամկետային և պրոֆեսիոնալ զինծառայողներին ավելի երկար զբաղվել մարտական պատրաստությամբ։