Այս ամիս ականատես կլինենք մոլորակների շքերթի
1/2/2026 19:18

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշել է 2026 թվականի փետրվարի երեք ամենանշանավոր աստղագիտական երևույթները․
Փետրվարի 1 — Լիալուսին «Ձյան Լուսին»
Ամիսը սկսվում է լիալուսնով, որը հյուսիսային կիսագնդի ժողովուրդները անվանել են «Ձյան Լուսին»՝ փետրվարին բնորոշ առատ ձյան պատճառով։
Փետրվարի 17 — Արևի խավարման Կրակե օղակ։
Օղակաձև արևի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Արեգակի դիմացով, բայց ամբողջովին չի փակում այն՝ թողնելով արևի տպավորիչ օղակ: Խավարումը տեսանելի կլինի Հարավային կիսագնդի որոշ հատվածներով անցնող նեղ գոտում։
Փետրվարի 28 — Վեց մոլորակների շքերթ
Մոլորակների շքերթը աստղագիտական իրադարձության խոսակցական անվանումն է, որն իրականում կոչվում է «մոլորակների հավասարեցում»: Սա մի երևույթ է, որի ժամանակ Արեգակի միևնույն կողմում մի քանի մոլորակներ շարվում են իրար մոտ։
Ամիսը կավարտվի տպավորիչ մոլորակային դասավորությամբ․ Յուպիտեր, Սատուրն Ուրան, Նեպտուն, Մերկուրի և Վեներա: Մոլորակների մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով, իսկ Նեպտունը և Ուրանը՝ աստղադիտակով։