Իրավիճակով պայմանավորված տեղի կունենան քննարկումներ

2/2/2026 15:31

Գիտեք որ 6 եպիսկոպոսների երկրից բացակայելու արգելք է դրվել. այս նոր իրավիճակով պայմանավորված տեղի կունենան քննարկումներ և կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ կփոխանցվեն,- NEWS.am–ի հետ զրույցում այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Եպիսկոպոսաց ժողովը, որը նախատեսված էր անցկացնել Ավստրիայում, տեղի կունենա, թե ոչ։ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ մեղադրյալի կարգավիճակ ունեն 6 բարձրաստիճան հոգեւորական, նրանց բոլորին արգելվել է բացակայել երկրից։ Այդ հոգևորականներն են՝ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի (Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան, Հովնան եպիսկոպոս Հակոբյան, Մակար եպիսկոպոս Հակոբյան, Մուշեղ եպիսկոպոս Բաբայան, Հայկազուն արք եպիսկոպոս Նաջարյան, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան, Մովսես քահանա Սահակյան-խմբ.) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: Խոսքն այն մասին է, որ Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը դիմել էր դատարան, որպեսզի չեղարկվի իրեն պաշտոնից հեռացնելու որոշումը։ Դատարանը միջանկյալ միջոց էր կիրառել՝ նրան, ըստ էության, վերականգնելով թեմի առաջնորդի պաշտոնում։ Դրանից հետո Արման Սարոյանը կարգալույծ էր հռչակվել, ինչն էլ առիթ էր դարձել, որ դատարանը նոր քրգործ հարուցի՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դատական ակտը չկատարելու հիմքով։