Ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ժողովը խափանվի ու չկայանա

2/2/2026 15:33

Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել, կկայանա թե ոչ, քանի-որ Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսներ երկրից բացակայելու արգելք ունեն, հետևաբար Հայաստանից 6 անդամներ չեն կարող ներկա լինել,- լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կայանալու է Եպիսկոպոսաց ժողովը: «Ամեն պարագայում, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ժողովը խափանվի ու չկայանա: Բնականաբար սա խոչընդոտ է, Եպիսկոպոսաց ժողովը պետք է ունենա եպիսկոպոսների ներկայությամբ»,- նշել է նա: Հարցին, թե արդյոք քննարկվում է Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման արշավին միացած եպիսկոպոսների կարգալուծության հարցը, Նաթան Սրբազանը պատասխանեց, որ հանրության շրջանում շրջանառվող խոսակցությունները պարզապես առաջարկներ են, իսկ քննարկում կլինի այն ժամանակ, երբ պաշտոնական մարմինները սկսեն քննարկել, ապա հավելեց, որ եթե սկսեն քննարկել՝ գաղտնի չեն պահելու, կտեղեկացնեն: «Այստեղ օրենքի որևէ ուժ չկա: Որևէ դատական ու իրավական մարմին օրենքի ուժով ու ոչ մի հոդվածով չի կարող նման հարկադրանք դնել Մայր Աթոռի վրա, որովհետև առաջնորդը պաշտոնյա աշխատող չէ, առաջնորդը ծառայում է ու նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, կարող է նաև ուրիշ պաշտոնի փոխվել՝ կրկին Կաթողիկոսի տնօրինությամբ»,- եզրափակել է նա: