Փաշինյանն ու Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը
4/2/2026 19:08

Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մրցանակը։
Մինչ մրցանակը ստանալու արարողությունը երկու երկրների առաջնորդները հանդես էին եկել ելույթով ու խոսել էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին։
«Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա կնշանակեր ինչ-որ անհավանական բան: Ահա թե ինչու այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին և տեղի է ունենում հիմա, անհավանական է»,- մրցանակաբաշխության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին:
Սա նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է, որովհետև որոշումը կայացվել է Դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ»,- ասել է Փաշինյանը և նկատել՝ չնայած մրցանակը տրվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, բայց այն երկու ժողովուրդներինն է:
«Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կան հավատ, նվիրվածություն, տեսլական և իմաստություն: Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ դեպքում այն երբեք չի դադարեցվի՝ բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին և ժողովուրդներին»։
«Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմել են ավելի քան 30 տարի, և հիմա մենք վեց ամիս է՝ խաղաղության մեջ ենք ապրում և սովորում ենք խաղաղ ապրել»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել մրցանակը ստանալիս․
«Վաշինգտոնում անցկացված գագաթնաժողովից հետո մենք արդեն համագործակցություն ենք հաստատում և վերջ ենք դնում երկարաձգված հակամարտությանը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար»,- հավելել է նա։