ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են

5/2/2026 10:58

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ և Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Շիրակի մարզում ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի և Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։