Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ
5/2/2026 21:53

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի` երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարեւոր դերը:
Առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես` դրանց հետեւանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն պատասխանել են լրագրողների հարցերին: