ՀՀ-Արևմուտք մերձեցումը նոր մարտահրավերներ է ստեղծում

6/2/2026 16:06

Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար,- Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն է հայտարարել։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հաղորդմամբ՝ դիվանագետը նշել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական կապերի առումով լայն դիվերսիֆիկացման քաղաքականություն է վարում, և այդ քաղաքականության նշանակալի տարրը Արևմտյան երկրների, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մերձեցումն է։ «Մենք գիտենք, որ ԵՄ-ն այժմ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ և, ընդհանուր առմամբ, բացահայտ ազդանշան տալով իր գործընկերներին, որ նրանք պետք է աջակցեն այդ քաղաքականությանը, այդ թվում՝ պատժամիջոցներին։ Իհարկե, սա նոր մարտահրավերներ է ստեղծում մեր հարաբերությունների համար և երկու կողմերից պահանջում է շատ ողջամիտ, հավասարակշռված և իմաստուն մոտեցում, ինչպես նաև ռազմավարական հեռատեսություն»,– ասել է Կոպիրկինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ Նա հավելել է` այդ ամենը պահանջում է, որ երկու երկրների հարաբերությունները հարմարվեն նոր իրողություններին։ Դեսպանը նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկելու «Թրամփի ուղի» նախագծին Ռուսաստանի միանալու հնարավորությունը` հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում։ Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանն ուշադիր հետևում է, թե ինչ է տեղի ունենում «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի շուրջ։