Գարեգին Բ-ն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է

7/2/2026 14:51

Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։