Փաշինյանը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող կիրակնօրյա պատարագի է մասնակցել

8/2/2026 17:01

Փաշինյանը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող կիրակնօրյա պատարագի է մասնակցել։ Եկեղեցի եկած մի շարք քաղաքացիներ լրագրողների հետ զրույցներում հայտնել են, որ նախապես չեն տեղեկացվել վարչապետի այցի մասին և պատահաբար են հայտնվել նույն վայրում։ Վարչապետի ներկայությունը նկատելով՝ քաղաքացիներից ոմանք դժգոհություն են հայտնել՝ ընդգծելով, որ եկել էին բացառապես պատարագին մասնակցելու և չեն ցանկանում հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Նրանց մի մասն ուղղակի մոմ են վառել և հեռացել։ Լրագրողների հետ զրույցում քաղաքացիներից մեկը նշեց, որ Փաշինյանի ներկայությունը իրեն խիստ բարկացրել է․ «Չգիտեի, որ նա այստեղ է գալու։ Տանել չեմ կարողանում իրեն, հատկապես հիմա, երբ, իմ կարծիքով, քայլեր է անում եկեղեցու դեմ։ Գոնե սրբավայր չմտներ»։ Մեկ այլ քաղաքացի նշեց, որ ամեն կիրակի մասնակցում է ժամերգության, սակայն այս անգամ, ոստիկանների ներկայությունը նկատելով, հասկացել է վարչապետի այցի մասին և որոշել է չմնալ մինչև վերջ։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, թե վարչապետի այցի մասին իմացությունից հետո որոշել է պարզապես մոմ վառել և հեռանալ։ «Եկեղեցի եմ գալիս աղոթելու, ոչ թե քաղաքական դեմքերի ներկայությանը ականատես լինելու համար»։ Նշենք, որ այսօր Փաշինյանը պատարագին մասնակցում էր առանց որևէ պետական պաշտոնյայի։