Վենսը որևէ խոսք չի ասել ՀՀ-ում 9 միլիարդ դոլարի ներդրում իրականացնելու մասին

9/2/2026 22:57

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Պարտք սերունդներին, Ցանկացած նորմալ հայ մարդու համար 9 միլիարդ դոլարի ներդրման մասին լուրը հիանալի նորություն է, կարելի է ասել՝ երազանք։ Սակայն, կարդալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը՝ ակնհայտ է դառնում, որ հարգարժան փոխնախագահը որևէ խոսք չի ասել Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրում իրականացնելու մասին։ Պարոն Վենսը նշել է, որ հարթվում է ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու նպատակով, ինչը ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի արտահանում ԱՄՆ-ից, ինչպես նաև 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ պայմանագրերի միջոցով։ Այսինքն՝ ԱՄՆ փոխնախագահը խոսել է 9 միլիարդ դոլարի տնտեսական գործունեության մասին, որը իրականացվելու է ԱՄՆ-ում, այլ ոչ թե Հայաստանում կատարվելիք ներդրման մասին։ Ավելին, որևէ հստակեցում չկա այն մասին, թե ով և ինչ կերպով է վճարելու ԱՄՆ-ից մինչև 5 միլիարդ դոլարի արտահանման և 4 միլիարդ դոլարի աջակցության համար։ Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ վճարել նման գումարներ․ Հայաստանը պարզապես չունի այդպիսի միջոցներ և առաջիկա տարիներին չի էլ կարող ունենալ։ Ակնհայտ է նաև, որ ԱՄՆ կառավարությունը չի վճարելու նման արտահանման համար, քանի որ որևէ երկիր չի վճարում իր իսկ տարածքից իրականացվող արտահանման համար։ Հետևաբար, դրական գնահատելով փոխնախագահ Վենսի այսօրվա այցը՝ անթույլատրելի է նրա խոսքի դիտավորյալ խեղաթյուրումը և հայ հանրության շրջանում անհիմն սպասելիքների ձևավորումը»։