Պատմության ջնջումը անարգում է զոհերին․ Փելոսի
11/2/2026 09:41

Երբ ես 2022 թվականին այցելեցի Հայաստան որպես խոսնակ, մեր Կոնգրեսի պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է,- X–ի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի նախկին նախագահ Նենսի Փելոսիին։
«Այդ ճշմարտությունը հաստատվեց, երբ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը, և երբ նախագահ Բայդենը բարոյական առաջնորդություն ցուցաբերեց՝ պաշտոնապես ճանաչելով այն 2021 թվականին՝ դիրքորոշում, որը ամոթալիորեն չեղյալ հայտարարեց Թրամփի վարչակազմը։
Խորապես հիասթափեցնող է, թեև զարմանալի չէ, տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը։ Պատմության ջնջումը անարգում է զոհերին և թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ ամենուրեք»,- նշել է Փելոսին։
Նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սոցիալական ցանցերի էջից հեռացվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին հրապարակումը։ Այդ հրապարակման մեջ երկու անգամ հիշատակվել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
Վենսի հրապարակումը փոխարինվել է նրա մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի վերահրապարակմամբ՝ Ջեյ Դի Վենսի և նրա տիկնոջ այցելության մասին, որում ասվում է. «Հայաստան կատարած մեր այցի վերջին օրը ծաղիկներ խոնարհեցինք Անմար կրակի մոտ և գրառում կատարեցինք պատվավոր հյուրերի գրքում»։