ԱՄՆ-ն Հայաստանում ներդրումներ չի անելու
11/2/2026 14:38

Կարծում եմ՝ Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. Ընդամենը պետք է ճիշտ հասկանալ քաղաքականության նրբությունները և ԱՄՆ շահերը,- գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Ի դեպ, Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք ԱՄՆ-ն ավելի մոտ է քան երբևէ՝ Հարավային Կովկասում հասնելու նրան, ինչին բոլոր վարչակազմերը ձգտել են շուրջ 30 տարի․ այն է՝ ազդեցություն հաստատել տարածաշրջանում՝ զրկելով Ռուսաստանին իր ազդեցության գոտուց: Դա չհաջողվեց Բուշ-Կրտսերի վարչակազմին Վրաստանի գործոնի կիրառմամբ, բայց հավանական է, որ այսօր դա կարող է ստացվել Հայաստանի և Ադրբեջանի օգնությամբ։
Մի քանի կարևոր նկատառում։
ԱՄՆ-ն Հայաստանում ներդրումներ չի անելու, այլ թույլ է տալու ամերիկյան ընկերություններին Հայաստանին վաճառել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան տեխնոլոգիաներ և ապրանքներ։ Իրականում հիմա հենց Թրամփի վարչակազմն է, որ աշխարհից ներդրումներ է բերում ԱՄՆ՝ վաճառելով ամերիկյան ապրանքներ, զենքեր և տեխնոլոգիաներ տարբեր պետությունների։
Վենսը չի աջակցում Հայաստանին կամ Ադրբեջանին․ նա առաջ է մղում իր պետության աշխարհաքաղաքական շահերը Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա, որոնց մի մասը անցնում է TRIPP-ով։ Սա նորմալ երևույթ է։
Նա նաև չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին, և սա նույնպես նորմալ ռեալպոլիտիկ է։
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի համար փոխգործակցության տեսանկյունից գտնվում են նույն հարթության վրա։ Սակայն Ադրբեջանի կարևորությունն ավելի մեծ է՝ հաշվի առնելով տասնյակ գործոններ։
Ինչպես արդեն ասեցի, ԱՄՆ կառավարությունը ներդրումներ չի անում․ այն վառում է «կանաչ լույս» ներդրումների համար և տալիս համապատասխան թույլտվություններ տեխնոլոգիաների արտահանման համար։ Նույնը արվել է Հայաստանի և Ադրբեջանի համար։ Թե ով որքան կկարողանա օգտվել դրանից, կախված է այդ երկրի իշխանությունների ունակություններից։
Գերիների հարցում Վենսի հայտարարությունը՝ հարցը բարձրացնելու առումով, փաստորեն մնաց զուտ խոսքի մակարդակում, և սա ցավալի է ԱՄՆ հաջորդ նախագահի հիմնական թեկնածուի համար։
Ադրբեջանին վաճառվող անվտանգային և հետախուզական սարքավորումները Հայաստանի դեմ չեն, այլ ուղղված են Իրանի հետ ծովային/ցամաքային սահմանի պաշտպանությանը:
Ինչ վերաբերում է ցեղասպանության մասին թվիթը ջնջելուն, ապա սա շատ անլուրջ քայլ է և Վենսի թիմի բացթողումն է:
Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին ընդհանրապես անդրադառնալը։ Վերջիվերջո վերջին տասնամյակում ամերիկյան թիվ մեկ քաղաքական թեման եղել է ընտրություններին Ռուսաստանի կամ այլ պետությունների կողմից միջամտությունը և դրա անթույլատրելիությունը»։