ՌԴ-ն շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով

11/2/2026 14:41

Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում,- «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ռուսաստանը լիովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանի հարցում: Համոզված եմ, որ դրան արդյունավետորեն նպաստում է նաև մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներում երկրի լիարժեք մասնակցությունը: Որպես օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ»,- ասել է դեսպանը և նկատել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կրում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության ազդեցությունը: «Այս բարդ պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր փուլ: Նկատվող մարտահրավերների հաղթահարումը երկու կողմերից պահանջում է երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստնություն՝ երկկողմ փոխգործակցության կուտակված պաշարը պահպանելու և բազմապատկելու համար»,- նշել է Կոպիրկինը։ «Անցյալ տարվա արդյունքները հաստատեցին, որ, չնայած արտաքին ցնցումներին, Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ ու պարենային անվտանգության՝ ժամանակով փորձված երաշխավորը։ Ավանդաբար ակտիվ են եղել մշակութային-հումանիտար և միջանձնային շփումները։ Հատկանշական է, որ ռուսներն առաջատար տեղ են գրավում ՀՀ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թվում»,- ընդգծել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը «մեզ կտակված է նախնիների սերունդների կողմից, կռել են դարերի ընթացքում փառահեղ ընդհանուր հաղթանակներով ու համատեղ ստեղծարար աշխատանքով, ամրապնդվել սերտ միջանձնային կապերով»։ «Մենք պետք է պահպանենք այս ժառանգությունը և փոխանցենք ապագա սերունդներին»։