Հայաստանն ու Իրանը ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ կստորագրեն
11/2/2026 22:59

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ։
Նրա խոսքով, կողմերը մտադիր են ինստիտուցիոնալացնել գործընկերությունը և զգալիորեն ընդլայնել համագործակցությունը գործառնական ճանապարհային քարտեզի հիման վրա:
Նա ընդգծել է, որ երկրների միջև հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն և այսօր հասել են հասունության փուլին, իսկ առաջնորդների փոխադարձ վստահությունը նրանց գլխավոր կապիտալն է:
Դեսպանը կարևորել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը և տարանցիկ ներուժի զարգացումը՝ ընդգծելով, որ խաղաղությունն ու բարիդրացիությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային պայմաններն են: