Մեր առաջարկելիք ծրագիրն ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու
12/2/2026 15:53

Մենք մեր հայրենակիցներին չենք խաբելու, որ պաշտոն ստանանք, ու առաջին որոշմամբ պարգևավճարներ սահմանենք: Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, պետք է անել ճիշտ հակառակը, մեր սեփական գրպանների հաշվին՝ պարտավոր ենք հարստացնել մեր երկիրը: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ՝ ուղերձի միջոցով ասել է կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:
Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ և համախոհներ, 2025 թվականի հուլիսի 4-ին, երբ դեռ կալանքիս 1 ամիսը չէր լրացել, դիմեցի ձեզ ու ասացի իմ նախաձեռնության մասին: Այդ օրը միասին որոշեցինք, որ միասնական՝ մեկ բռունցք դառնալով, մտնում ենք քաղաքական պայքարի մեջ, հանուն մեր հայրենիքի լավ ապագայի: Ինձ կալանավորելով՝ կալանքի տակ պահելով, փոքրիկ խմբակը կարծում էր, որ կլռեցնեն ու կմեկուսացնեն ոչ միայն ինձ, այլ Հայաստանի ժողովրդի ու քաղաքացիների ձայնը, բայց նրանք հերթական անգամ սխալվեցին ու ձախողեցին:
Հիմա մեր ձայնը ավելի բարձր է հնչում, հիմա մենք ձեզ հետ ավելի ուժեղ ենք, քան երբևէ: Այսօր ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է, ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար: Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի-որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ: Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ՝ աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ: Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք, դժբախտություն ու թուլություն բերածները վերջին շրջանում խոսում են ու խոստանում թույլ խաղաղություն: Խաղաղություն՝ առանց ուժեղ պետության, կոչվում է հանձնվել: Նրանք հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը համարժեք է պատերազմին, բայց սա հերթական սուտն է՝ հանրությանը վախեցնելու համար:
Մենք ուզում ենք խաղաղություն, ուժեղ ու արժանապատիվ խաղաղություն: Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել՝ խաղաղություն աղերսելով, մենք կուժեղացնենք մեր բանակն ու պաշտպանությունը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանության ծրագրի մշակմամբ ու դրա ներդրմամբ»,-նշել է նա: