Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ

12/2/2026 19:10

Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ: Ռուսաստանը, Հայաստանի դիմումի համաձայն, բանակցություններ է սկսում երկաթուղային երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն միացումը Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների հետ. այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Համաձայն հայկական կողմի դիմումի և ելնելով հայ ժողովրդի հանդեպ տածած բարեկամական ու եղբայրական զգացմունքներից՝ Ռուսաստանի Դաշնությունում որոշում է կայացվել սկսել առարկայական բանակցություններ Հայաստանի երկաթուղային երկու հատվածների վերականգնման շուրջ։ Դրանք կապահովեն միացումը Ադրբեջանական Հանրապետության երկաթուղիների հետ՝ Երասխ քաղաքի շրջանում, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության երկաթուղիների հետ՝ Ախուրյան բնակավայրի շրջանում»,- լրագրողներին հայտնել է Օվերչուկը: Նա նշել է, որ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտավորապես 1,6 կմ և 12,4 կմ: Բանակցությունների ընթացքում կորոշվեն նշված նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ մանրամասները (մոդալությունները): «Մենք բարձր ենք գնահատում վստահությունը ռուսական փորձի, կարողությունների և տեխնոլոգիաների հանդեպ, որը հայկական կողմը կրկին դրսևորեց՝ դիմելով Ռուսաստանին»,- ընդգծել է Օվերչուկը: Փաշինյանը բազմիցս հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում: