Այն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի

12/2/2026 20:53

Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում։ Այս մասին 5-րդ ալիքին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով 9 միլիարդ դոլարի շուրջ ստեղծված մեծ աղմուկին։ «Այն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի։ Ընդամենը երկկողմ հայտարարություն է ստորագրվել, որ ավարտել բանակցությունները խաղաղ էներգիայի պայմանագրի միանալու հետ կապված։ Մի լրացուցիչ պայմանագիր, որին անդամ ենք դառնում, բայց դա չի նշանակում ներդրում, որեւէ խոստում չկա, որ ատոմակայան կկառուցվի Հայաստանում։ Ընդամենն առաջ է մղում ԱՄՆ–ն իր տեխնոլոգիան, դա նորմալ է, որ ղեկավարը փորձի իր երկրի տեխնոլոգիաններն առաջ մղել դեպի այլ երկրների շուկաներ»,–ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով, ԱՄՆ–ն փորձ էլ չունի նման ատոմակայան կառուցելու այլ երկրում, միայն Ռուսաստանն է, որ այս պահին դրսում կառուցում է 5-6 այդպիսի ատոմակայան։ Ավելին, ըստ Քոչարյանի, Միացյալ Նահանգներում կառուցված վերջին ատոմակայանն էլ բավականին թանկ է նստել երկրի վրա։ Ստացվում է, որ եթե լինի 9 մլրդ դոլարի ներդրումը, դա կլինի պարտք ՀՀ քաղաքացիների վրա, ինչպես նաեւ կանդրադառնա հոսանքի սակագնի վրա։ «Սա բիզնես է, բարեգործություն չի, եթե կարող ես ստեղծել հինգ անգամ էժան նույն որակի ատոմակայան, ստացվում է՝ դու քաղաքացիների վրա հինգ անգամ պակաս բեռ ես դնում։ Նախարարն ասում է՝ միջուկային էլեկտրաէներգիան հնարավորություն կտա գիշերվա ցերեկվա ռեժիմները կարգավորել, եթե մտածում եք՝ ատոմակայանը կարող է գիշերվա ցերեկվա ռեժիմների կարգավորման առարկա դառնալու, դու պայթեցնելու ես այդ ատոմակայանը»։