Մայր Աթոռին անհատույց սեփականության իրավունքով հող չի տրվի
13/2/2026 13:04

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հաստատել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների՝ ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։
Նախագծին կողմ է քվեարկել 58, դեմ` 24, և ձեռնպահ` 3 պատգամավոր։
Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Այսուհետ հողերը ՀԱԵ–ին կտրամադրվեն միայն օգտագործման իրավունքով։
Ըստ նախագծի հիմնավորման՝ նպատակն է ոչ թե սահմանափակել որևէ կազմակերպության գործունեությունը, այլ ապահովել հողերի օգտագործման առավել ճկուն և վերահսկելի համակարգ։