Բրյուսելում կքննարկվի ԵՄ դիտորդական առաքելության ապագայի հարցը

13/2/2026 18:23

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետագա գործունեության վերաբերյալ հարցը ԵՄ-ն Հայաստանի կառավարության հետ կքննարկի աշնանը՝ Բրյուսելում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Եվրոպական միության առաքելության 3-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ «Ինչի շուրջ համաձայնության ենք եկել, այն է, որ շարունակելու ենք մեր ներկա աշխատանքը։ Մենք կշարունակենք նաև սահմանին հարակից տարածքներում պարեկություն իրականացնել և զեկուցել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի և վավերացվի։ Աշնանը Եվրամիությունը Բրյուսելում կքննարկի առաքելության ապագային վերաբերող հարցերը»,-ընդգծել է Ռիտերը։ Ռիտերը նաև խոսել է ԵՄ դիտորդական առաքելության՝ շուրջ երեք տարվա կատարած աշխատանքի, գործունեության ուղղությունների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում առաքելության ունեցած դերակատարության մասին։ «Երբ մենք ժամանեցինք Հայաստան, սահմանին մեծ լարվածություն կար, տեղի էին ունենում կրակոցներ, նույնիսկ կային զոհված և վիրավոր զինծառայողներ։ Դա բավականին դժվար ժամանակաշրջան էր։ Այդ օրերին մենք նաև հասկացանք, որ սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակչությունը վախենում էր, որ ինչ-որ նոր բախում կարող է տեղի ունենալ։ Բնակիչները մտահոգված էին նոր և բաց հակամարտության հնարավորությամբ, սակայն դա տեղի չունեցավ։ Այս տեսանկյունից կարող եմ ասել, որ առաքելությունն իրագործվել է՝ ունենալով հաջողություն։ Իրավիճակը հանգիստ և խաղաղ է»,- ընդգծել է Մարկուս Ռիտերը՝ շեշտելով, որ այդ հանդարտ իրավիճակը Հայաստանի ու Ադրբեջանին հնարավորություն է տալիս խոսելու և դեռևս առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Հիշեցնենք, որ Մարկուս Ռիտերն արդեն ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում։