Նախկին նախագահներին չես մարսու՞մ. Շարմազանովը՝ Փաշինյանին

13/2/2026 21:59

Հերիք չէ՞ դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին,- ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է գրում․ «Թե բա՝ հունիսի 8-ին շարունակվելու է այն ընթացքը, որ ընդհատվել է 374թ. Պապ թագավորի սպանությամբ։ Պապ թագավորը Ձիրավի ճակատամարտ է հաղթել։ Դու ի՞նչ ես արել, բացի Արցախ հանձնելուց։ Հերիք բոլ է խեղաթյուրես հայ ժողովրդի հերոսական պատմությունը։ Պապի սպանությունից հետո հայ ժողովուրդը Վռամշապուհ արքայի, Սահակ Պարթեւ կաթողիկոսի առաջնորդությամբ ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հրաշքով հայոց այբուբեն է ստեղծել։ 451-ին Սուրբ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ Ավարայրի ճակատամարտ է տեղի ունեցել։ Էլ չեմ խոսում 484-ին Վահան Մամիկոնյանի շնորհիվ Նվարսակի հայանպաստ հաշտության մասին։ Մի ամբողջ Բագրատունյաց թագավորության շրջանի վրա ես ստվեր գցում դու՝ Նիկոլ։ Այսինքն Աշոտ Երկաթ, Աշոտ Ողորմած ու Գագիկ 1-ին հե՞չ հա քո համար։ Անիի վերելք, հետագայում Զաքարյան եղբայրների առաջնորդությամբ Անի մայրաքաղաքի ու Հայաստանի մեծ մասի ազատագրումը հե՞չ։ Հայ ազգը հաղթանակներ ունեցել է ու էլի է ունենալու։ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա ու Լեռնայաստան … 1988-ի ազգային զարթոնք ու Արցախյան առաջին հերոսամարտի հաղթանակ։ 2016-ի Ապրիլյանի հաղթանակ… Դու՝ ու՞ր, էդ հաղթանակ կերտողներն՝ ուր։ Նախկին նախագահներին չես մարսու՞մ, քանի որ քո «կիրթ և կառուցողական գործընկեր» Ադրբեջանի ղեկավարներին հաղթել են։ Լավ իմացիր, դու պարտության խորհրդանիշ ես ու վերջ։ Հայկը չի պարտվելու ոսոխ բելին…»,- գրել է նա։