Վաղը կդիտվի Արեգակի օղակաձև խավարում

16/2/2026 19:51

Վաղը՝ փետրվարի 17-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարումը: Ի տարբերություն լրիվ խավարման՝ օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Օղակաձև խավարման ժամանակ Լուսինը, գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում և Երկրից դիտողի համար ունենալով ավելի փոքր սկավառակ, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ) և խավարման առավելագույն փուլում ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը` առաջացնելով «հրե օղակ»: Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 13:56:26-ին, 16:12:04-ին կհասնի առավելագույն փուլին և կավարտվի 18:27:42-ին, սակայն այս խավարումը Հայաստանից տեսանելի չի լինի։ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ, որի դեպքում ականատես են լինում լրիվ խավարման, կամ դրա միայն մի մասը (մասնակի խավարում):