Սկսվելու են ավելի թեժ ու նյարդային ժամանակներ

16/2/2026 19:57

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ելույթը պետք է դիտարկել որպես նախագահ Թրամփի կողմնակիցների, ինչպես նաև հետթրամփյան Հանրապետական կուսակցության՝ արտաքին քաղաքականության ուրվագիծ,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։ «Կարելի է ասել, որ Ռուբիոն առաջարկեց «Արևմուտքը կրկին ազդեցիկ ու խոշոր» դարձնելու բանաձև՝ Թրամպիզմի և Ռեյգանյան քաղաքականության համադրությամբ։ Միևնույն ժամանակ, Ռուբիոն հայեցակարգային նորարարություն մտցրեց՝ հայտարարելով, որ Արևմուտքը պարզապես ՆԱՏՕ-ի կամ այլ բազմակողմ կառույցների ինստիտուտուցիոնալ դաշինք չէ միայն, այլ առաջին հերթին քաղաքակրթություն, որը միավորված է պատմությամբ, մշակույթով և կրոնական ժառանգությամբ: Այս մոտեցումը Վաշինգտոնին թույլ է տալիս ուղիղ աշխատել եվրոպական հասարակությունների հետ՝ շրջանցելով նրանց քաղաքական էլիտաներին: Ելույթի տնտեսական բաժինը ապաարդյունաբերականացման, մրցակիցների կողմից սուբսիդիաների և մատակարարման շղթաների ոչնչացման քննադատություն էր, ինչից կարելի է ենթադրել, որ ապագայում անցում է կատարվելու դեպի տնտեսական ազգայնականություն։ Ռուբիոյի ելույթի մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր դրույթ էր ԱՄՆ-ի պատրաստակամությունը գործել առանց միջազգային ինստիտուտների: Թվարկելով Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության գործողությունները՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը կարող է իրացնել իր ուզած քաղաքականությունն առանց միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի: Ամերիկյան իսթաբլիշմենթում քաղաքական առումով, Ջ. Վենս-Մ. Ռուբիո զույգը կարծես դիտարկվում է որպես հնարավոր հանրապետականների հետթրամփյան թիմ։ Ըստ էության, ԱՄՆ-ն չի հրաժարվում առաջնորդությունից, այլ փոխում է առաջնորդական իր մոդելը՝ լիբերալ գլոբալիզմից դեպի քաղաքակրթական ռեալիզմ, որտեղ դաշնակիցներին առաջարկվում է ընտրություն. գործել Ամերիկայի հետ, կամ հետևել, թե ինչպես է այն գործում։ Գերտերությունների արտաքին քաղաքականության համար սկսվելու են ավելի թեժ ու նյարդային ժամանակներ: Փոքրերը մի խնդիր ունեն, ոտատակ չընկնել ու այդպիսով փորձել պահպանել ազգային ինքնությունն ու ինքնիշխանությունը: Մարկո Ռուբիոյի ելույթից պետք է նաև հետևություն անել, որ, եթե Հայաստանը չի ցանկանում ամբողջությամբ կլանվել ու խաղաղություն գոչելով՝ ապագայի հարվածների տակ հայտնվել, ապա օտարածին լիբերալիստական կառավարման մոդելից պետք է վերադառնա ազգային պետության և համազգային համախմբման իր մոդելին»: