Մոսկվայում չվերթներ են հետաձգվել
16/2/2026 23:55

Մոսկովյան օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել ուժեղ ձնաբքի պատճառով։
Ձյան տեղումների և քամու պատճառով «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա թռչող մոտ 40 չվերթ է հետաձգվել, հաղորդում է «Осторожно, новости» թելեգրամյան ալիքը։
Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև այլ օդանավակայաններում. ըստ թռիչքների առցանց ցուցատախտակի՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է չորս չվերթ, իսկ Վնուկովո օդանավակայանում՝ մոտ 20։ Ժամը 23:35-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչև ժամը 00:04-ն։
Ռոսավիացիայից հայտնել են, որ ոչ մի չվերթ չի չեղարկվել։ Վատ եղանակի պատճառով Մոսկվա մեկնող չորս չվերթ վերահասցեագրվել է Սանկտ Պետերբուրգ։ Դուբայից և Աբու Դաբիից չվերթներն այսօր վայրէջք են կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում։
Անցյալ շաբաթ Մոսկվա հասավ բալկանյան «Վիվիանա» ցիկլոնը, որը շաբաթվա մնացած մասում ձյուն և քամի կբերի ՌԴ մայրաքաղաք, ջերմաստիճանը նորմայից 6-7 աստիճանով ցածր կլինի։ Սպասվում է մինչև 14 միլիմետր տեղումներ, իսկ գիշերը ջերմաստիճանը կնվազի, հասնելով -15 աստիճանի։