Մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը մենք ապահովելու ենք քարտերի առաքումը
19/2/2026 12:57

Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը ինքնուրույն քարտեր ձեռք չբերեն, մենք քարտերը կառաքենք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Դեկտեմբերին մենք ԱԺ-ում ընդունեցինք օրենք, որի արդյունքում ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով: Մինչև սույն թվականի մարտի 5-ը, մենք խնդրում ենք բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը, բանկը, ինքուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ ամսվա կենսաթոշակն ու նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով: Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա՝ մենք դա կանենք ավտոմատ եղանակով: Կլինեն քաղաքացիներ, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու ժամանակ քարտերը առաքելու համար»,- նշել է նա:
Անդրադառնալով անկանխիկ վճարման անցած քաղաքացիներին՝ Թորոսյանը շեշտեց, որ դեկտեմբերի սկզբին ունեին մոտ 50,000 քաղաքացի, ով ստանում էր կանխիկ եղանակով, իսկ այսօրվա դրությամբ՝ 21,539 քաղաքացի: Նախարարը հավելեց, որ մոտ 30,000 քաղաքացի ինքնուրույն անցել են անկանխիկի դաշտ:
«Կոչ եմ անում, որ քաղաքացիները դա անեն ինքնուրույն ու ընտրեն իրենց նախընտրած բանկը, որովհետև մյուս դեպքում՝ ընտրությունն ավտոմատ է լինելու ու կատարվելու է համակարգի կողմից, որպեսզի որևէ մեկը ապրիլի 1-ի դրությամբ զրկված չլինի իր կենսաթոշակը կամ նպաստը ստանալու իրավունքից: Ընտրությունն ավտոմատ կատարելուց հետո մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը մենք ապահովելու ենք քարտերի առաքումը սուրհանդակային ծառայության միջոցով: Ապրիլի 1-ից հետո քաղաքացին հնարավորություն կունենա ինքնուրույն փոխել վճարողին»,- նշել է նա: