Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում առկա է ԱԲ-ի կիրառում
20/2/2026 13:51

Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում առկա է ԱԲ-ի կիրառում, ձայնն ամբողջովին փոփոխված է,- այս մասին ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Ըստ Չեռնոգորիայի փորձաքննության եզրակացության՝ տեսանյութի տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ներկայացված ֆայլերը մշակված ածանցյալներ են ու չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ, հետևաբար՝ ներկայացված տեսագրություններում ներկայացված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված ու մանիպուլացված թվային բովանդակություն:
Հաջորդիվ՝ մեր հարցին, թե արդյոք տեսագրությունը չի ստեղծվել ԱԲ-ով, կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով, պատասխանը եղել է, որ տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ:
Մի քանի անկախ ցուցիչներ ցույց են տալիս, որ ներկայացված նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ, ու խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման փոփոխության»,- նշել է նա:
Անդրադառնալով ձայնագրությանն ու խոսքային բովանդակությանը՝ Բաբայանը նշել է, որ ձայնային խոսքը ենթարկվել է փոփոխության, ձայնը վերասինխրոնացվել է տեսագրության նկատմամբ:
Արսեն Բաբայանը նաև նշել է, որ Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ սկանդալային տեսանյութում Արշակ Սրբազանն է:
«Փորձագետը չի հաստատում, որ տեսագրության մեջ պատկերված անձը և Արշակ Սրբազանը նույն անձինք են, ասում են՝ հավանաբար նույն անձինք են, իսկ քննչական կոմիտեն միշտ այդ «հավանաբար» բառը մոռանում է:
Իրենք տեսագրությունից վերցրել են մի կադր, որտեղ իրենց կարծիքով երևում է տղամարդու դեմքը, ինտերնետից վերցրել են Արշակ Սրբազանի կադրը, ու ասել են՝ քիթը նման է, ականջի մոտ մազածածկը նման է, քիթը նման է, երկուսն էլ ակնոց են դնում, ուրեմն կարելի է եզրակացնել, որ դա նույն անձն է»,- նշել է նա:
Արսեն Բաբայանը շեշտում է, գլխավոր հարցն այն մասին, արդյոք տեսագրությունը իրականությանը համապատասխանում է, թե ոչ, այդպես էլ չի տրվել: