Փաշինյանի այցելած պատարագին հնչել է Վեհափառի անունը
22/2/2026 16:53

Փաշինյանն այսօր պատարագի է մասնակցել Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում: Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ այդ եկեղեցում պատարագի է մասնակցում նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը: Այս մասին գրում է 24News-ը։
Կայքը կապ է հաստատել Հայր Իսահակի հետ, որպեսզի հասկանա նրա տեսակետը, արդյոք նա միացե՞լ է Նիկոլ Փաշինյանի կողմն անցած հոգևորականներին։
«Ես ոչ մեկի օրակարգին չեմ միանում, ես իմ ծառայության մեջ եմ: Նիկոլ Փաշինյանը, ինչպես մեր մյուս հավատացյալները, եկեղեցի է այցելել: Մենք մեր պատարագն ենք արել, մենք մեր աղոթքն ենք արել: Պատարագը կատարվել է ըստ պատշաճի, ոչ մի զեղչում չի եղել, պատարագի վերջում երգվել է «Ամեն հայի»-ն: Հավատացյալները մոտեցել են և օրհնություն են ստացել»,-ասաց նա:
Հայր Իսահակի խոսքով, ինքը շրջվել, տեսել է, որ Նիկոլ Փաշինյանն է կանգնած, մոտեցել և բարևել է:
«Ոչ մի արտակարգ բան, փոփոխություն չի գրանցվել մեր կյանքի մեջ: Մենք մեր ծառայության մեջ ենք»,-զրույցը եզրափակեց Իսահակ վարդապետ Պողոսյանը: