Հայկական բեռնատարներին չեն թողնում ՀՀ մտնել

23/2/2026 14:16

Հայկական բեռնատարների վարորդների մի մասը ռուս–վրացական անցակետից տեղափոխվել են Գեզիի տերմինալ,- NEWS.am–ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ փետրվարի 12-ից խոչընդոտվում է շինանյութով բեռնված հայկական բեռնատարների մուտքը Վրաստանից Հայաստան։ «Վարորդներն ասում են, որ այնտեղ մեքենաների հոսքը այնքան շատ է եղել, որ հնարավոր չէր իրենց այնտեղ պահել, 12 օր պահելուց հետո թույլ են տվել իջնել Գեզիի տերմինալ։ Հիմա Գեզի տերմինալում են սպասում։ Թե ինչքան կտևի, ոչ մեկը ոչ մի բան չի ասում, այդտեղի աշխատողները որևէ հարցի չեն պատասխանում, որևէ մեկնաբանություն չեն տալիս։ Կոնկրետ այն մարդիկ, որոնք ինձ հետ կապ են հաստատել, բեռնված են տարբեր շինանյութերով՝ լամինատ, փայտ և այլն։ Որոշակի տեղեկություններ ունեմ, որ նաև կա հեղուկ գազով բեռնված բեռնատար, բայց այդ տեղեկությունը հաստատված չի։ Իրենք նշում էին, որ 12 օր կանգնած բեռնատարների թիվը մոտ 100 է եղել, ու այդ թիվը գնալով ավելանում է։ Իրանց չեն արձագանքում, իրենք ասում են՝ մենք որևէ կերպ Հայաստանի իշխանությունների կողմից աջակցում, սատարում չենք ստանում»,– հայտնել է պատգամավորը։