Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը
24/2/2026 10:16

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Ցավոք Վազգենը կշարունակի մնալ բանտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժել էին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել էին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվել էին։
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 19-ին Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է տնային կալանք։ Նա այդ ժամանակ գտնվում էր հիվանդանոցում և անցնում էր հետվիրահատական բուժում։
Երեկ արդեն փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սամսոնյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» ԲԿ-ից և Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվել է իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու։