Դավիթ Համբարձումյանն առաջարկ է արել ՀՀԿ ԳՄ-ին
2/3/2026 22:04

Հայաստանի շուրջ և հատկապես ներսում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին հետևող ցանկացած անձ, վստահ եմ, տեսնում է` հերթական ինչ նոր խնդիրներ են հասունանում մեր պետության և ժողովրդի համար,- գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու, Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը։
«Խոսելով խաղաղության ու բարեկեցության մասին, ՀՀ ներկայիս իշխանությունները մեր երկիրը տանում են դեպի նոր կորուստներ ու զիջումներ։ Խոսելով ժողովրդավարության ու արժեքների մասին, նրանք կառուցում են իրական բռնապետություն։
Խոսելով ազատ ընտրությունների մասին, նրանք արդեն տևական ժամանակ է` կեղծում են սպասվող խորհրդարանական ընտրությունները։
Ամիսներ առաջ մեր կողմից քաղաքական դաշտ բերվեց վարչապետին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի օրակարգը։ Լավագույնս գիտակցելով գործող վարչախմբի դեմ քաղաքական իրական պայքար սկսելու բոլոր վտանգները, ես դարձա վարչապետի թեկնածու։ Այն ժամանակ էլ, հիմա էլ համոզված եմ, որ իմպիչմենտը Հայաստանում իշխանափոխոխություն անելու միակ իրական տարբերակն է։ Միա՛կ։
Ուստի, ՀՀԿ Գործադիր մարմնին այս նամակով ցանկանում եմ առաջարկել քննարկել հետևյալ նախաձեռնությունը. դիմել ընդդիմադիր բոլոր ուժերին ու գործիչներին՝ Նիկոլին հեռացնելու քաղաքական օրակարգի շուրջ միավորվելու և վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի սահմանադրական բոլոր մեխանիզմները գործի դնելու գործնական առաջարկով։
Ցավոք, ընտրություններով այդ խնդրի լուծման հնարավորությունը կասկածելի է։ Եվ շատերն են թերահավատ: Չեմ ասում, թե նման հնարավորություն չկա։ Կա։ Բայց ինչպես արդեն նշեցի, այդ ընտրություններն արդեն իսկ կեղծվում են, և ռիսկը մեծ է, որ միջազգային հանրության աջակցությունը վայելող, ոչ հայկական օրակարգեր սպասարկող ՀՀ փաստացի կառավարիչը կարող է հասնել իր նպատակին։
Մինչդեռ իմպիչմենտը ենթադրում է նաև ակտիվ փողոց՝ ակցիաներ, ցույցեր, քաղաքացիական լայն զանգվածների ճնշում։ Սրանք նույնպես այն գործոններն են, որոնք անպայման կնպաստեն իշխանափոխության իրականացմանը՝ նույնիսկ եթե գործը հասնի ընտրություններին։
Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր առջև դրված խնդիրը կարող ենք արդյունավետ լուծել։ Հանուն այդ նպատակի` առաջարկում եմ շտապ կարգով քաղաքական խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը հաղթական ավարտին հասցնելու բոլոր հնարավորությունները՝ սկսած վարչապետի թեկնածուի փոփոխության հարցից, եթե նման անհրաժեշտություն կա, ավարտելով տեխնիկական բնույթի խնդիրներով։
Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, հապաղելու այլևս ոչ մի հնարավորություն չունենք։ Մենք չենք կարող հանգիստ հետևել բոլոր այն զարգացումներին, որոնք, ի վերջո, բերելու են նոր կորուստների ու նոր ցավի, նոր աղետների։ Պետք է գործել, քանի դեռ կա դրա հնարավորությունը»,- գրել է նա։