Գետնի վրա արդյունքը կտեսնենք հունիսի 7-ին

3/3/2026 17:08

Մենք Հայաստանում արել ենք շատ մեծ ընտրանքով թարմ հարցումներ, որոնք արձանագրել են Ալեն Սիմոնյանի նշած պատկերի տրամագծորեն հակառակ արդյունքը: Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այս պնդումներին՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց հարցումները բոլորիվ հակառակ պատկերն են արձանագրել: «Գետնի վրա արդյունքը կտեսնենք հունիսի 7-ին: Գրեթե վստահ եմ, որ մոտ օրերս իշխանությունների կողմից ուղղորդված տարբեր հարցումներ կհայտնվեն, սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն է», - նշեց Միկոյանը: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ՝ այսօր սոցհարցումները դարձել են ոչ թե հանրային կարծիքի չափման, այլ հանրային կարծիքի վրա ազդելու միջոց: Ի դեպ, Բագրատ Միկոյանը նաև տեղեկացրեց, որ մարտի կեսերին կհայտարարվի «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի մասին: Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ասել էր, թե վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշումը կայացնելու են սոցհարցումներից հետո: «Քոչարյանն այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ պառլամենտական ընտրություններին ինքը հատելո՞ւ է շեմը Դաշնակցության հետ և հայտնվելու խորհրդարանում, թե՞ իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու։ Իմ տվյալներով՝ միանշանակ ինքն այդ խնդիրն ունի», - այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահը: