Արամ Ա-ն կոչ է անում դադարեցնել Իրանի դեմ ռшզմական գործողությունները և բանակցել
3/3/2026 18:51

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում հայկական գաղութների ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ թեմերի առաջնորդներին հորդորելով հնարավորինս զերծ պահել հայերին վտանգավոր իրադարձություններից և աջակցել նրանց։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Cilicia TV-ն։
«Վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ շղթայազերծած պատերազմը փաստորեն ներառեց ամբողջ Միջին Արևելքը։ Պատերազմը հանգեցրեց մահերի, խուճապ, անորոշություն և համընդհանուր տագնապ առաջացրեց։ Բնականաբար, Միջին Արևելքի երկրների հայկական գաղութները ևս առավել կամ նվազ չափով ենթարկվեցին պատերազմի հետևանքներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խոր մտահոգությամբ հետևում է ստեղծված վտանգավոր իրավիճակի զարգացումներին և կապի մեջ է շրջանի երկրների գաղութների հետ։ Հնարավոր չեղավ որևէ կերպ կապ հաստատել Իրանի մեր թեմերի հետ՝ հաղորդակցության միջոցների ընդհատման պատճառով»,-ասվում է տեքստում։
Ընդգծվում է, որ Արամ Առաջինն իր խորը ցավակցությունն է հայտնում բոլոր զոհերին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Միաժամանակ, կոչ է անում, որ դադարեն պատերազմական գործողությունները բոլոր շրջաններում և քաղաքական բանակցությունների ճանապարհով հնարավոր լինի արդար լուծում գտնել։
«Նորին Սրբությունը կոչ է անում մեր թեմերի պատասխանատուներին առավելագույնս հեռու պահել մեր գաղութներն անապահով իրավիճակից և հոգալ համայնքային կարիքները՝ միշտ կապի մեջ լինելով Անթիլիասի Մայրավանքի հետ։ Ինչպես միշտ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, պատրաստ է առավելագույնն անել թեմերի աշխատանքին աջակցելու և նրանց կարիքները հոգալու համար»,-շեշտվում է տեքստում։
Մարտի 3-ի երեկոյան Արամ Առաջինի նախագահությամբ Ազգային կենտրոնական վարչության արտակարգ նիստ է գումարվելու։