Վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը

7/3/2026 18:51

Մեր գարունն ուշանում է. եթե անցած տարի այս օրերին Հայաստանի մեծ մասում ցերեկային ժամերին դրական ջերմաստիճան էր, Արարատյան դաշտում, Երևանում հասնում էր +15-+17 աստիճանի, այսօր երկրի մեծ մասում ձյուն է տեղում, տարածքի մեծ մասը ձնածածկ է: Ֆեսյբուքի էջում հրապարակած տեսանյութում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նա հայտնել է, որ Հայաստանի առանձին լեռնային բնակավայրերում, օրինակ Ջերմուկում, ձյան բարձրությունը հասնում է 110 սմ։ «Վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կլինեն առանձին հատվածներում կարճատև և թույլ։ Մարտի 9-ի ցերեկային ժամերից սկսած մինչև մարտի 13-ը Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ մարտի 10-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։ Առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի առանձնապես բարձրացում սպասել պետք չէ։ Սա ունի դրական կողմերը. լեռներում շարունակվում է ձյան կուտակումը, ուշանում է ծառերի ծաղկումը, և որքան ուշանում է, այնքան փոքրանում է ցրտահարման ռիկսը»,- ասում է Սուրենյանը։