Իրանահայերի արտառոց շարժ դեպի ՀՀ չկա

17/3/2026 14:03

Որևէ կոնկրետ տվյալ չունենք, թե քանի իրանահայ է եկել Հայաստան, բայց կարող ենք ասել, որ իրանահայերի արտառոց մարդկային հոսք դեպի Հայաստան, որը որևէ ձևով տարբերվում է նախորդ ժամանակահատվածներից, չունենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Այս պահին փորձում ենք անընդհատ կապի մեջ լինել, պարբերաբար հնարավոր է լինում դա, բայց հիմնականում մարդիկ տներում են, զգույշ, փորձում են պարզապես վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են մնում և հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը»,-նշեց նա։ Խոսելով վիրավորների մասին՝ Սինանյանը նշեց, որ խոսք էր գնում, թե երկու թեթև վիրավորներ կան, բայց, ըստ նրա, շատ դժվար է այդ ամենը հաստատել: «Հաճախ ասում են, երբ որ փորձում ենք ինֆորմացիայի հետևից գնալ, փորձում ենք հաստատել, պարզվում է՝ կամ չի եղել, կամ այնքան աննշան է եղել, որ տեղյակ չենք։ Հիշու՞մ եք այդ ընդվզումների, քաղաքական շարժման ընթացքում անընդհատ լուրեր էին պտտվում, թե քանի զոհված հայեր կան և այլն, բայց վերջում պարզվեց, որ այդ ուռուճացված թվերը, մեղմ ասած, իրականությանը չէին համապատասխանում»,-ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։