Հայաստանը պետք է դադարեցնի խաղաղություն աղերսելու քաղաքականությունը

18/3/2026 17:06

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է Սամվել Կարապետյանի ելույթը: «Ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ է լինելու: Հանրահայտ կանոն է, պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ չկա ուժ, թույլ բանակը հրահրում է թշնամուն, իսկ ուժեղ բանակը պահպանում է խաղաղությունը: Խաղաղությունը չեն աղերսում, այն պահում են ուժով: Ես հաճախ եմ մտածում, ինչպես կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ ծառայության տարիքին հասնելը լինի վստահության, ոչ թե վախի պատճառ, մենք մշակել ենք ուժեղ խաղաղություն համակարգային ծրագիր՝ անվտանգության և դիվանագիտության ոլորտի միջազգային փորձագետների հետ: Այս ուղղությամբ մեր աշխատանքն ունի 3 հիմնական ուղղություն՝ ուժեղ բանակ, խելացի դիվանագիտություն և տնտեսական անկախություն: Հենց այս համակարգային ծրագրի իրագործման միջոցով ենք ունենալու ուժեղ Հայաստան: Հայրենիքը սկսվում է սահմանից, հայրենիքի նկատմամբ սերը ևս: Հետևաբար, Հայաստանի սահմանները պետք է լինեն անկոտրում և անխախտ։ Մշտական հետախուզական համակարգման կենտրոնները, անօդաչու հետախուզությունը և արհեստական բանականության վերլուծությունը հնարավորություն են տալու մեր սահմանները պահել անառիկ, իսկ մեր զինվորներին պաշտպանված։ Հայ ժողովրդին պատուհասած վերջին պատերազմները ցավալիորեն ապացուցեցին՝ դու չես կարող հաղթել հողի վրա, եթե երկինքդ պաշտպանված չէ։ Մեր օրոք Հայաստանի երկինքը պաշտպանված է լինելու գերժամանակակից, բազմաշերտ, հակաօդային և հակադրոնային համակարգերով։ Ուժեղ Հայաստանում զինվորական ծառայության հենքը պետք է լինի բարձր պրոֆեսիոնալիզմով, տեխնոլոգիապես արագ զարգացող և առաջադեմ բանակը։ Այդ արժանապատիվ զինծառայությունը և դրանից հետո զինծառայողին արժանավայել կյանքը մեզ համար առաջնահերթություն է։ Հայաստանը կխոսի աշխարհի հետ վստահ, ուժեղի դիրքից, մեր արտաքին քաղաքականությունը կլինի պրագմատիկ, հավասարակշռված, Արևելքի և Արևմուտքի միջև մեր վարած բանակցությունները կլինեն հստակ, պահպանելով մեր կարմիր գծերը, մենք կշարունակենք երկխոսությունը մեր ռազմավարական գործընկերների հետ, միաժամանակ՝ խորացնելով կապերը այլ գերտերությունների ու երկրների հետ։ 30 տարի բիզնեսում ինքս նախ սովորել և իրացրել եմ հմտություններս բանակցելու ուժերի դիրքերից, հաստատել եմ կապեր աշխարհի տարբեր կենտրոններում, այդ փորձը ու միջազգային կապերը ծառայեցնելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Մեր թիմն արդեն աշխատում է սփյուռքի հետ՝ վերածելով հուզական աջակցություն։ Տարածաշրջանի հետ մեր կապերը կհիմնվեն փոխշահավետության սկզբունքի վրա, ոչ թե միակողմանի զիջումների։ Խաղաղությունը ձեռք չի բերվում թուլությամբ, այլ ամրագրվում է ուժով։ Մենք առաջարկում ենք ուժեղ խաղաղություն, մնայուն խաղաղություն։ Հայաստանը պետք է դադարեցնի խաղաղություն աղերսելու քաղաքակիրթ քաղաքականությունը: Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի խնդրելու, նա այն կկառուցի սեփական ուժերով, թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին, Հայաստանը չի կարող լռեցվել, այլևս թույլ չենք լինելու»,- նշել է Սամվել Կարապետյանը: Տեսանյութը ստեղծված է ԱԲ-ի միջոցով: