Որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պшտերազմ
19/3/2026 13:16

Մենք ասում ենք, որ ակնկալում ենք այս ընտրությունների արդյունքում ունենալ սահմանադրական մեծամասնություն, որովհետև սահմանադրական մեծամասնությունն է, որ կերաշխավորի այն պրոցեսները, մասնավորապես՝ տարածաշրջանային խաղաղության համատեքստում, մենք այն կդարձնենք լիարժեքորեն անշրջելի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է պատերազմի կուսակցությանը. դա ամեն օրվա հետ ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները և այդ շրջանակներն ի՞նչ են ասում: Առաջինը ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը և երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։
Դա ես շատ ուղիղ, առանց սեթևեթանքի, ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով»,-նշել է նա։
Փաշինյանն ասել է, որ ոմանք, ըստ ամենայնի, չեն հասկանում՝ ինչ են ասում, որովհետև, իր համար ակնհայտ է՝ այդ տեքստերն այլ տեղ են գրված, նրանք կարդացողի կարգավիճակում են:
«Իրենց ասածը չհասկացող ուժերը և քաղաքական գործիչները չպետք է կարողանան ընդհանրապես Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել։ Ասեմ, որ առաջիկայում ես այդ թեմային վերաբերող առանձին ֆեյսբուքյան եթեր եմ պլանավորում, ավելի մանրամասն կանդրադառնամ։
Այդ բոլոր ուժերը, ըստ էության, հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչն այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը, ես վերլուծում եմ չէ՞ տեքստերը, թե ինչ են ասում: Այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է անուններն էլ կտամ հստակ, մի մասը ենթադրում եմ՝ չի էլ հասկանում ինչ է ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։