Մենք կաջակցենք Հայաստանին հիբրիդային սպшռնալիքների դեմ պայքարում
19/3/2026 17:16

Ես վերադարձել եմ Հայաստան իմ նախորդ այցից վեց ամիս անց, բայց արդեն հայտարարել եմ, որ շուտով կրկին կվերադառնամ: Այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հայտարարությունների ժամանակ ասել է եվրահանձնակատար Մարթա Կոսը:
Նա նշել է, որ վստահ է՝ ուրախ են իր վերադարձի համար, ինքն էլ ուրախ է, որովհետև կարող է սեփական աչքերով տեսնել՝ ինչպես է Հայաստանում տեղի ունենում փոխակերպման գործընթացը:
«Իմ նախորդ այցից հետո շատ բան է տեղի ունեցել, աշխարհն էլ ավելի անկայուն է դարձել և սա ևս մեկ անգամ վկայում է, թե որքան կարևոր է մեր գործընկերությունը Հարավային Կովկասում, դա ևս մեկ անգամ ընդգծում է, թե որքան կարևոր է ունենալ վստահելի գործընկերներ և բարեկամներ: Հայաստանը մենք հենց այդպես ենք ընկալում: Թույլ տվեք սրտանց շնորհակալություն հայտնել տարածաշրջանից եվրապացի քաղաքացիներին տարհանման գործընթացում ցուցաբերած աջակցության համար, շատ շնորհակալ եմ:
Սա կարևոր տարի է ՀՀ-ի համար, մայիսին ՀՀ-ն կհյուրընկալի «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովը, որին կհաջորդի առաջին անգամ անցկացվող ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը: Սա վկայում է այն մասին, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար և որքան է խորացել մեր գործընկերությունը:
Հյուսիսում և հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր, քան երբևէ: Փոխվարչապետ Գրիգորյանի հետ միասին դիտարկեցինք, թե որտեղ կարող ենք բարելավել ենթակառուցվածքները՝ Եվրոպայի և Ասիայի միջև փոխադրումների ժամանակն ու ծախսերը նվազեցնելու համար: 2022 թվականից ի վեր բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է»,- նշեց Կոսը:
Նա հավելեց, որ ԵՄ-ՀՀ համագործակցությունը չի սահմանափակվում միայն տնտեսությամբ, նա գործընկերությունը դիտարկում է նաև խաղաղությանը նպաստող ներդրում:
«ՀՀ-ն և Ադրբեջանը կարևոր քայլեր են ձեռնարկել խաղաղության և կայունության համար և ես ցանկանում եմ բարձր գնահատանքս կիսել ներդրված ջանքերի համար: Եվրոպան ցանկանում է աջակցել ներդրումների՝ տարածաշրջանային կապակցվածության ուղղությամբ՝ նպաստելով կայուն խաղաղությանը, անվտանգությանը և բարեկեցությանը:
Սահմանային անցակետերի բացումը, կամուրջների և ժամանակակից ճանապարհների կառուցումը կարող են միավորել ինչպես մարդկանց, այնպես էլ շուկաները և նվազեցնել կոնֆլիկտների ռիսկը: Եվրոպան իր պատմության փորձից լավ գիտի, թե որքան կարևոր է դա»,- ասել է Կոսը:
Նա ներկայացրել է ԵՄ-ի աջակցությունը՝ ՀՀ տնտեսությանը: Ներկայացրել ոլորտները, որոնցում ներդրում ունեն: Նա նշել է, որ այսօր ստորագրել են ֆինանսական 140 մլն եվրոյի աջակցություն՝ ՀՀ-ի համար:
«Այս միջոցները, ի թիվս այլ ուղղությունների, կնպաստեն այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացքում առաջընթաց գրանցելու համար:
Վերջապես, սա կարևոր տարի է նաև հայկական ժողովրդավարության համար: Հունիսին Հայաստանում կկայանան ընտրություններ: Եվրոպայի տարբեր երկրներում մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են չարամիտ դերակատարները փորձում խաթարել ժողովրդավարական գործընթացները, կիբերհարձակումների, ապատեղեկությունների և այլ միջամտությունների միջոցով:
Եվրոպան այստեղ է աջակցելու համար: Մենք կաջակցենք Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում, որպեսզի հայերը, ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում քվեարկել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան»,-եզրափակել է Եվրահանձնակատար Մարթա Կոսը: