Փաշինյանը պատերազմով վախեցնում է Հայաստանի քաղաքացիներին
20/3/2026 12:27

Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի քաղաքացիներին վախեցնել նրանով, որ եթե նրանք չհամաձայնեն ամեն ինչին, ապա նա ենթադրում է, որ այդ դեպքում պատերազմը, զոհերն անխուսափելի կլինեն․ այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ «Лента.ру»-ի հետ զրույցում։
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի ընդդիմությունը պատրաստվում է նոր պատերազմ սկսել, եթե իշխանության գա։ Նա նաեւ վստահություն էր հայտնել, որ խաղաղության վերանայման կոչերը գրվում են արտաքին ուժերի կողմից, իսկ ներքին ընդդիմությունը պարզապես կրկնում է դրանք։
«Նա վախեցրել է հայերին եւ բնակչության այն մասին, որը չի ցանկանում որեւէ ցնցում։ Փաշինյանի այս գիծն այսօր հստակ երեւում է, քանի որ նա հրաժարվել է Հայաստանի ազգային շահերից եւ շարունակում է անել դա։ Նա իշխանությունից կառչելու այլ ճանապարհ չունի, քան բնակչությանը Ադրբեջանի հետ պատերազմով, Թուրքիայի հետ բարդություններով եւ նման այլ բաներով վախեցնելը»,- ասել է Զատուլինը։
Նրա խոսքով՝ հենց այս ռազմավարությունն է Փաշինյանն օգտագործում հունիսի 7-ի ընտրություններում իր դիրքերը պահպանելու համար։ Նա նաեւ ընդգծել է, որ պատերազմը քիչ հավանական է, քանի որ ՀԱՊԿ պայմանագրով Հայաստանը պաշտպանված է նախ եւ առաջ Ռուսաստանի կողմից։ Հենց սա է փորձում թաքցնել Փաշինյանը՝ դավաճանելով դաշինքին եւ հետապնդելով փոխզիջման ուղի այն հարեւանների հետ, ովքեր չեն թաքցնում իրենց զավթողական եւ ռազմատենչ մտադրությունները։