ՔԿՀ-ում կալանավոր է կшխվել

20/3/2026 15:41

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում ազատազրկված անձը սավանով կախվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 20-ին, ժամը 00:40-ի սահմաններում։ «Խցակիցները նկատել են, որ տղամարդը սավանով իրեն կախել է։ Նրանք կարողացել են շատ արագ կտրել սավանը և փրկել նրա կյանքը։ ՔԿՀ ծառայության աշխատակիցները ահազանգել են շտապօգնություն ու նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»,- գրել է կայքը։ Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Ըստ պարբերականի՝ ինքնասպանության փորձ կատարողը Թ. Թորոսյանն է, ով առողջական խնդիրներ է ունեցել։ Նշվում է, որ տղամարդը մի քանի անգամ դիմել է քրեակատարողական ծառայություն, սակայն նրա առողջական վիճակը կարգավորելու համար ոչինչ չի ձեռնարկվել։ «Մարտի 20-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլի մեջ գտնվող (կայացված դատավճռի հետ համաձայն չլինելու հիմքով), 1987թ. ծնված կալանավորված անձը կատարել է ինքնասպանության փորձ՝ կախվելու միջոցով, ինչը կանխվել է խցակիցների և քրեակատարողական ծառայողների կողմից։ Այնուհետև կալանավորված անձը զննության նպատակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, և վերջինս վերադարձվել է հիմնարկ»,- հայտնել են Քրեակատարողական ծառայությունից: