ՀԷՑ-ի վերաբերյալ ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց
21/3/2026 14:39

ՀԷՑ-ը պետականացնելու օրենքն ապօրինի ճանաչելու համար ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց: «Տաշիր կապիտալի» հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի` ՀԷՑ-ի լիցենզիան վերականգնելու վերաբերյալ դատական նիստի ժամանակ հայտարարեց դատավոր Լիլիթ Սադոյանը։
Նշենք, որ ՀԷՑ–ի փաստաբանական խմբի ներկայացուցիչները դատարան են ներկայացրել միջնորդություն, որպեսզի Սահմանադրական դատարանը ապօրինի ճանաչի էներգետիկայի մասին օրենքում ընդունված այն փոփոխությունները, որով հնարավոր եղավ ՀԷՑ-ը պետականացնել:
«Այս պահի դրությամբ գործի քննության այս փուլում դատարանը դեռևս հիմքեր չի տեսնում ՍԴ դիմելու։ Հետագայում անհրաժեշտություն առաջանալու պարագայում դատարանը իր նախաձեռնությամբ այդ գործընթացը կձեռնարկի»,-ասաց նիստը նախագահող դատավորը:
ՀԷՑ-ի սեփականատերերի ներկայացուցիչներն այսօր նաև միջնորդություն ներկայացրեցին դատարան՝ փորձաքննություն անցկացնել պարզելու՝ ի՞նչ տվյալներ են բացակայել և ի՞նչը հնարավոր կլինի վերականգնել։
Այս միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում չկայացրեց, դատական նիստն ընդմիջվեց: