Փաշինյանը մետրոյում մատ էր թափ տալիս զnhված Մերուժան Մոսիյանի դստեր վրա

22/3/2026 14:46

Այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։ Մերուժան Մոսիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Այս մասին գրել է Հրապարակը։ Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշել էր շրջել Երևանում և Երևանի բնակիչների շրջանում տրամադրությունները շոշափել։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում։ Մետրոյում Փաշինյանը ցույց տալով իր ձեռքին եղած քարտեզով կրծքանշանը, տղա երեխային ասաց․ «Եղբայր, կարելի՞ է մի հատ քեզ նվիրեմ սրանից»։ Երեխայի մայրը արձագանքեց. «Չէ, մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք»: «Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու. էդ հաշվի առեք: Մենք չենք թողնելու ձեր այդ գաղափարաբանությունը»,- նշեց Փաշինյանը, ինչին արձագանքեց արցախցի կինը. «Դուք չեք թողել արդեն, որ մենք մեր Արցախում ապրենք, բայց չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»: Փաշինյանը հունից դուրս եկավ, սկսեց ձայնի բարձր տոնով խոսել, բղավել ու մատ թափ տալ. «Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում՝ Ղարաբաղում ապրեք: 2023-ին դուք էիք մեղադրում ինձ, որ ճանապարհը փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, հիմա եկել եք այստեղ և ասում եք՝ բա մենք ուզում էինք վերադառնայինք... Մենք ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, ինչի՞ չեք մնացել»: Կինը ասաց Փաշինյանին, որ իր հետ այդպիսի բարձր ձայնով չխոսի: «Կխոսեմ, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել...»,- շարունակեց Փաշինյանը: