Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստ

24/3/2026 18:51

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրավիրյալ մասնակիցներ։ Քննարկվել են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման գործընթացին առնչվող խախտումների քննության ընթացքում միատեսակ մոտեցումների կիրառմանն ուղղված հարցեր, ինչպես նաև ընտրական գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանն առնչվող մի շարք խնդիրներ։ Փաշինյանը կարևորել է հայտարարագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքի դերը՝ միաժամանակ ընդգծելով հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների արդյունավետ գործարկման նշանակությունը: Փաշինյանը ընդգծել է ընտրական գործընթացի թափանցիկության ապահովման և օրենսդրությամբ սահմանված պահանջների լիարժեք պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման կարևորությունը՝ հանձնարարելով շարունակել ներկայացված առաջարկությունների շուրջ քննարկումները և սեղմ ժամկետներում ներկայացնել առաջնահերթ լուծումներ պահանջող օրենսդրական և գործնական փոփոխությունների առաջարկներ։