Թադևոս Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

26/3/2026 18:37

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը 2026 թվականի մարտի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված,»-ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավորները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրեցին Թադևոս Ավետիսյանին: Նրա թեկնածությունն առաջադրել էին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները: ԱԺ պատգամավորների քվեարկության համաձայն՝ Թադևոս Ավետիսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 0, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 2: