Բագրատ Սրբազանը նամակ է հղել

29/3/2026 12:06

Նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և ամբողջ էությամբ պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին,- այս մասին գրված է Բագրատ Սրբազանի նամակում՝ կալանավայրից հրապարակված։ «Օրհնեալ եկեալն անուամբ Տէառն… Ծաղկազարդ է` Տիրոջ հրաշալի և փառավոր մուտքը Երուսաղեմ: Հրաշալի առիթ է մեզ համար թե՛ անհատապես, և թե՛ անձնապես, և թե՛ հավաքական առումով Ծաղկազարդվելու, նորոգվելու, բացելու մեր սրտերը` որպես հոգևոր Երուսաղեմ` Տիրոջ սրբագործող մուտքի և բնակության համար: Գիտեք սակայն, որ Ծաղկազարդին հաջորդում է Ավագ կամ Չարչարանաց (չարչարանքների) շաբաթը` ուրացում, դավաճանություն, կեղծ դատավարություն, խաչելություն, բայց և ի վերջո Հարություն և Հաղթանակ: Այսուհանդերձ, ավելի ճիշտ կլիներ ասել, որ Ծաղկազարդը նախորդում է Չարչարանաց խորհրդին, որը նաև մեր կյանքի արտացոլանքն է. կյանքը միայն Ծաղկազարդ չէ, և ոչ էլ միայն Չարչարանաց խորհուրդ, սակայն նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և ամբողջ էությամբ պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ: Մեր Տիրոջ ճանապարհը այդպիսին էր և է, իսկ մերը` ընտրություն` ընթանալ այդ ճանապարհով, թե ոչ: Մեր Տիրոջ օրհնությունը բոլորիդ հետ լինի, սիրելինե՛ր` մեր կյանքի Ծաղկազարդումի և մեր սրտերում Հիսուսի բնակության և մեր կյանքն առաջնորդելու խորհրդով և շնորհով: Հիշե՛ք, Ծաղկազարդը խաչելության ճանապարհով ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ հասնելու դառը և’ ճանապարհն է, և’ այդ Հաղթանակն այլընտրանք չունի... Սիրով և աղոթքով` Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան 29.03.2026»։