Վեհափառն իր օրհնությունն է բաշխել բազում մանուկների
29/3/2026 17:06

Մարտի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդի տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է մանուկների օրհնության օր։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմավառության աղոթասրահում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:
Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախբված բազում մանուկների՝ նրանց ընծայելով խաչեր, իսկ հավատավոր ժողովրդին բաշխվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:
Բերկրառատ տոնի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց․ «Հիսուս Երուսաղեմ մտավ ոչ թե փառաբանվելու, այլ չարչարվելու և խաչվելու մարդկության փրկության համար։ Այսօր Տիրոջը փառաբանողները, վաղը Պիղատոսից պահանջելու են խաչել Նրան։ Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է, երբ կարևոր է ոչ միայն օրհնաբանելն ու փառաբանելը, այլ նաև անպայմանավոր հավատարմությունն Աստծուն և մեր հայրերի թողած հոգեմտավոր հարուստ ժառանգությանը։ Ուստի եկե՛ք մեր սրտի դռները բացենք և թույլ տանք, որ Հիսուս մտնի և թագավորի այնտեղ՝ առաջնորդելով դեպի հաղթանակ և երկնքի արքայություն»։
Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ, վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ։