Հայաստանի ընտրանին պարտվեց Բելառուսի հավաքականին
29/3/2026 21:20

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը տարվա առաջին խաղում պարտություն կրեց։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընկերական խաղում մրցեց Բելառուսի հավաքականի հետ, որը հաղթեց 2:1 հաշվով։
8-րդ րոպեին աչքի ընկավ հունական «Աստերաս Տրիպոլիսի» 30-ամյա կիսապաշտպան Եվգենի Յաբլոնսկին։
72-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց լեհական «Պիաստ Գլիվիցեի» 23-ամյա հարձակվող Գերման Բարկովսկին։ Պաշտոնական արձանագրությունում նշվում է, որ այս դրվագում ինքնագոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի եւ սերբական «Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
88-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Հայաստանի հավաքականի եւ լեհական «Լեգիայի» 26-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։
Հայաստանի հավաքականն ընկերական խաղերում հունիսի 6-ին կընդունի Ղազախստանի, հունիսի 9-ին՝ Մոլդովայի հավաքականին։