Պետք է վերանայել Եկեղեցու հանդեպ իշխանությունների որդեգրած դիրքորոշումները

30/3/2026 20:40

Խորապես ցավում ենք Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի առնչությամբ, ինչը խաթարեց սրբավայրում տիրող տոնական աղոթական մթնոլորտը,- հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ պատասխանելով հարցին, որ երեկ Սուրբ Աննա եկեղեցում արձանագրված միջադեպի առնչությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ «Խորապես ցավում ենք Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի առնչությամբ, ինչը խաթարեց սրբավայրում տիրող տոնական աղոթական մթնոլորտը։ Վարչապետի կարճատև այցի ընթացքում արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական, ոչ կանոնական գործողությունների, որոնք վիրավորում են հավատացյալների կրոնական զգացումները և տեղիք տալիս նման ընդվզումների։ Ուստի, Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին անհիմն մեղադրելու փոխարեն պետք է անդրադառնալ և վերանայել Եկեղեցու, եկեղեցականների և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ իշխանությունների որդեգրած դիրքորոշումները, որոնք ազգավնաս են, պառակտում են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթների»։